Կայքի հին տարբերակը
«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանի հարցազրույցը «Ազգային գաղափար» պարբերականին (16.12.2010)

Ազգային գաղափարը տարբեր կերպ է դրսևորվում կյանքի տարբեր բնագավառներում: Ի՞նչ ազգային առանձնահատկություններ ունի մեր տնտեսությունը, և ինչպիսի՞ն պետք է լինի ազգային գաղափարի կրողը տնտեսությունում:

Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացնող ընկերությունների «Վալլեքս» խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանի հետ:

- Պարոն Արզումանյան, դեռևս տնտեսագիտության դասականներն են ընդգծել, որ մարդու տնտեսական վարքագիծն ունի ազգային առանձնահատկություններ: Հայերը հայտնի են որպես հմուտ առևտրականներ: Սակայն աշխարհը մեզ ճանաչում է նաև որպես քարից հաց քամող ժողովուրդ: Շատերը հակված են այդ խորհրդանիշում տեսնելու Հայաստանում լեռնագործության բազմադարյա ավանդույթների ուղղակի արտացոլումը: Կարելի՞ է ասել, որ հենց լեռնագործությունն էլ պայմանավորում է մեր տնտեսության ազգային առանձնահատկությունները:

- Թերևս «քարից հաց քամողի» խորհրդանշական բնութագիրը ես ավելի շուտ կտարածեի տնտեսության իրական հատվածի վրա ընդհանրապես: Այդ առումով կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսության ընդհանրական պատկերը վերջին տարիներին որոշակիորեն հեռացել է Ձեր նշած ազգային կաղապարից: Առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի ներկայումս դիտարկվող ծավալները դրա տխուր ապացույցն են: Արտահանում-ներկրում հարաբերակցության ներկայիս վիճակը մեր տնտեսության ամենացավոտ խնդիրներից է, որի լուծումը կենսականորեն կարևոր է մեր տնտեսության համար: «Քարից հաց քամողի» տնտեսական վարքագծին վերադառնալու ճանապարհը, թերևս, ներքին արտադրության և արտահանման խթանումն է: Ցավոք, այսօր այնքան էլ բազմազան չեն տնտեսվարման այն ոլորտները, որտեղ այժմյան իրադրությունում առարկայական հնարավորություն ունենք այդ խնդրի լուծման ուղղությամբ գործելու: Ձեր նշած ոլորտը` հանքարդյունաբերությունը, իրոք, առավել հզորն է այդ շարքում: Այսօր Հայաստանի տնտեսության իրական հատվածում այն ամենամեծ տեսակարար կշիռն ունի և կարող է համարվել տնտեսության այլ ոլորտների զարգացման լոկոմոտիվը: Միևնույն ժամանակ, չի կարելի կարծել, թե Հայաստանի տնտեսական ներուժը հանքարդյունաբերության ոլորտում այսօր լիարժեքորեն է օգտագործվում: Բավականին աշխատանք կա կատարելու, մասնավորապես` նոր հանքավայրերի հայտնաբերմանն ու հետախուզմանը նպատակաուղղվող ներդրումների ինտենսիվացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու առումով: Տեխնիկատեխնոլոգիական խնդիրների հետ մեկտեղ մենք աշխարհի առաջադեմ փորձի տեղայնացման խնդիր ունենք նաև հանքարդյունաբերության ոլորտում գործող սուբյեկտների սոցիալական պատասխանատվությանն առնչվող հարցերում: Որպես տնտեսության լոկոմոտիվի դերին հավակնող ոլորտ` հանքարդյունաբերությունը պետք է առաջադեմ լինի, «օրինակ ծառայի» այլ ոլորտների համար նաև շրջակա միջավայրի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի տեսանկյունից: Ցավոք, այդ առումով խնդիրները դեռևս շատ են:

- «Վալլեքս խումբն» ինչո՞վ է նպաստում Ձեր թվարկած խնդիրների լուծմանը Հայաստանում, և ելնելով դրանից` որքանո՞վ եք Ձեզ համարում ազգային գաղափարներ կրող ընկերություն: Այսօր դուք իրականացնում եք անկախ Հայաստանի պատմության մեջ թերևս խոշորագույն տնտեսական ծրագիրը` Թեղուտի հանքավայրի շահագործումը: Սակայն համացանցն ու մամուլը հեղեղված են ծրագրի բնապահապանական բաղադրիչների վերաբերյալ բացասական արձագանքներով: Արդյոք դա՞ է միկրոտնտեսական հարթության վրա ազգային վարքագիծը:

- Նախ` փոքրիկ ճշտում. որքանով կարող եմ դատել սեփական դիտարկումներից, Ձեր նշած տեղեկատվական միջոցներում քննադատական և այլ բացասական անդրադարձերն ավելի շատ վերաբերում են ոչ թե ծրագրի բնապահպանական բաղադրիչներին, այլ` ծրագրի իրականացման բնապահպանական ենթադրյալ հետևանքներին: Այն դեպքերում, երբ Թեղուտի հանքավայրի շահագործմանն ընդդիմախոսել են` քննարկման առարկա դարձնելով ծրագրի բնապահպանական բաղադրիչները, որպես կանոն, մեզ հաջողվել է հասնել կառուցողական երկխոսության: Դրա լավագույն օրինակը Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող անտառահատումների հետևանքով անտառային տնտեսությանը հասցվող վնասի փոխհատուցման ծրագիրն է: Սկզբնական շրջանում շահագործման ծրագրով նախատեսված բնապահպանական միջոցառումները ենթադրում էին անտառապատման իրականացում նույնքան գումարային մակերեսով տարածքներում, որքան որ տվյալ տարում կհատվեր: Սակայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեր քննարկումների արդյունքում հանգեցինք այլ որոշման. յուրաքանչյուր հատված հեկտարի դիմաց երկու հեկտար անտառապատել և խնամել մինչև այդ տարածքներն անտառի կատեգորիա տեղափոխելու համար բավարար նախադրյալների ձևավորումը: Այս պահի դրությամբ՝ հանքավայրի շահագործման նպատակով հատվել է մոտ 60 հա, մինչդեռ մրցութային կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպություների կողմից «Վալլեքս» խմբի ընկերությունների միջոցներով անտառապատվել է 140 հա: Օրինական անտառահատումների դեպքում, ցավոք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ փոխհատուցման նմանատիպ միջոցառումների պարտադիր իրականացում, և վերոնշյալ ծրագիրն իրականացնելու նախաձեռնությունը մեր ընկերությունների սոցիալական պատասխանատվության դրսևորում կարելի է համարել: Միևնույն ժամանակ սա դրական նախադեպ է, որը, կարելի հուսալ, օրինակ կդառնա շատերի համար:

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսված է արտադրական ջրերի լիովին փակ շրջանառություն: Այս տեխնոլոգիան բացառում է արտահոսքերը արտաքին ջրային միջավայր: Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը կլինի Հայաստանի առաջին հանքարդյունաբերական համալիրը, որը կաշխատի այդ տեխնոլոգիայով:

Դառնալով այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի ազգային գաղափար կրող ընկերությունը՝ կարելի է աներկբայորեն պնդել, որ այսօր ազգային հնչեղություն ունեցող խնդիրներից մեկն Արցախի տնտեսության վերականգնումն ու զարգացումն է, և թերևս աշխարհում չգտնվի որևէ հայ մարդ, որը կասի, թե այդ խնդիրն իրեն չի հուզում: Երբ «Վալլեքս» խմբի ընկերությունները մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային ծրագիր սկսեցին Արցախում, հաջողություն կանխորոշող որևէ ռացիոնալ նախադրյալ չկար: Ենթակառուցվածքների լիակատար բացակայության պայմաններում մեր ընկերությունները այդ ոլորտի համար ռեկորդային ժամկետում կառուցեցին Դրմբոնի հանքարդյունաբերական համալիրը: Իր արտադրական գործունեության առաջին իսկ տարվանից Դրմբոնի համալիրը դարձավ Արցախի թիվ մեկ հարկատուն` որոշ տարիների ապահովելով Արցախի պետական բյուջեի հարկային մուտքերի 35 տոկոսից ավելին: Համալիրն այսօր տարեկան արդյունահանում և վերամշակում է 350 հազ. տոննա հանքաքար, արտադրում է 20 հազ. տոննա ապրանքային խտանյութ, որում ոսկու պարունակությունը 32-34 գր/տ է, պղնձինը՝ 15-16 տոկոս: Համալիրն ունի մոտ 1100 աշխատող՝ շուրջ 175 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով, համալիրում «Վալլեքս» խմբի իրականացրած կապիտալ ներդրումների ծավալը գերազանցում է 60 մլն ԱՄՆ դոլարը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից համալիրը համապատասխանում է առաջադեմ աշխարհում ընդունված առավել խիստ չափանիշներին: Արցախում մենք ընդլայնում և դիվերսիֆիկացնում ենք մեր գործունեությունը` ակտիվորեն իրականացնելով երկրաբանա­հետա­խու­զա­կան աշխատանքներ տարբեր հանքերևակումներում, ներդրումներ կատարելով զբոսաշրջության, հյուրանոցային գործի, առողջարանային համալիրների կառուցման և այլ բնագավառներում:

- Կարելի՞ է ասել, որ հենց Դրմբոնի ֆաբրիկան էլ ազգային գաղափար կրող տնտեսվարողի «վալլեքսյան» ընկալումն է:

- Ազգային գաղափարի կրող լինելու մասին եզրակացությունը թողնելով Ձեզ` կարող եմ նշել, որ «Վալլեքս» խումբը Արցախում ներդրումներ կատարելիս, իրոք, կողմնորոշվում է ոչ միայն ըստ տնտեսական արդյունավետության և շրջակա բնական ու սոցիալական միջավայրերի վրա հնարավոր ազդեցությունների, այլև ըստ այն բանի, թե դա ինչպիսի նպաստ կբերի Արցախի տնտեսական հզորացմանը: «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ընկերության` Արցախում ձեռք բերած փորձը մենք մտադիր ենք տարածելու նաև Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի, մասնավորապես` Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի վրա: Հայաստանում և Արցախում միայն Դրմբոնի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան է ներկա դրությամբ գործում արտադրական ջրերի լիովին փակ շրջանառությամբ: Ինչպես այդ տեսանկյունից, այնպես էլ շրջակա միջավայրի վրա հնարավոր այլ անցանկալի ազդեցությունների բացառման կամ նվազեցման տեսանկյունից մենք մտադիր ենք Թեղուտում ունենալ նույնքան օրինակելի արտադրություն` իհարկե, բազմապատիկ ավելի հզորությամբ: Ըստ շահագործման ծրագրի` առաջին փուլում նախատեսվում է տարեկան մոտ 25 հազ. տոննա պղնձի (ներկայումս մոտավորապես այդքան պղինձ են արտադրում Հայաստանի բոլոր հզորությունները միասին վերցրած) և մոտ 800 տոննա մոլիբդենի արտադրություն: Դա առնվազն կկրկնապատկի Լոռու մարզի համախառն ներքին արտադրանքի ծավալները, որի 70 տոկոսն, ի դեպ, ներկայումս ապահովում է «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը: Շահագործման ընթացքում, որը կտևի ավելի քան վեց տասնամյակ, կոմբինատն ապահովելու է մոտ 1500 աշխատատեղ. դա էապես ավելի է, քան Թեղուտ և Շնող համայնքների աշխատունակ բնակչության թիվը: Բնականաբար` հազարավոր աշխատատեղեր կձևավորվեն նաև տարաբնույթ սպասարկող և մատակարարող ձեռնարկություններում:

Ոչ վաղ անցյալում արտագաղթի խիստ մտահոգիչ ցուցանիշներ գրանցած Թեղուտ գյուղում մենք այսօր արդեն ունենք հակառակ միտումը. վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ոչ թե պակասել, այլ` ավելացել է առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը, տարիներ շարունակ ամռանն արտագնա աշխատանքի մեկնող շուրջ 85 թեղուտցի տղամարդուց 82-ը, «Թեղուտ» ՓԲ ընկերությունում աշխատանք գտնելով, ստիպված չեն եղել իրենց ընտանիքների օրվա հացը փնտրել օտար ափերում: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի ուղղությամբ «Վալլեքս» խմբի ընկերություններն արդեն կատարել են ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումներ, իսկ կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը կգերազանցի 320 միլիոն ԱՄՆ դոլարը: Թեղուտ և Շնող համայնքները, «Վալլեքս» խմբի գործունեության շնորհիվ, ներկայումս կարող են է համարվել Հայաստանի առավել հարուստ համայնքներից, որոնց համայնքային բյուջեներում ներկայումս նույնիսկ ավելցուկային միջոցներ կան: Դա, համաձայնեք, Հայաստանում հաճախադեպ երևույթ չէ:

- Որքանով ինձ հայտնի է, «Վալլեքս» խումբը որպես իրավաբանական միավոր գոյություն չունի: Այդ դեպքում ի՞նչն է միավորում ձեր խմբի ընկերություններին:

- Սեփականատերերի ընդհանրությունից զատ` «Վալլեքս» խմբի ընկերությունները միավորված են տնտեսական գործունեության մի շարք ընդհանուր սկզբունքների շուրջ, որոնց շարքում այս զրույցի շրջանակներում հարկ եմ համարում ընդգծել համաշխարհային առաջադեմ փորձին համաքայլ առաջ շարժվելու և գործունեության սոցիալ-տնտեսական ու բնապահպանական բաղկացուցիչները հավասարակշռելու անհրաժեշտության գիտակցումը:

- Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: